Նոր Նորքի ղեկավարի ու մյուսների վարքը, խմբով...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր:

ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբորկաների» մեջ և խեղում պետականության արժեքը: Դեռ մի հատ էլ խմբով արդարացնում են տեղի ունեցածը`ինչ-որ քաղաքական հարցերի հղում անելով` այդ կերպ ապացուցելով, որ նեղ քաղաքական ու անձնական շահերը բարձր են պետությունից: Սա դարձել է մեր պետականության գլխավոր սպառնալիքներից:

Պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել խիստ, ցնցող քննադատությունը ու նման արձագանքի որևէ իրավունք չունեն: Առավել լկտիություն է նման արձագանքը լրագրողական տեսախցիկների առաջ և ուղիղ եթերում` գիտակցելով, որ իրենց դիտում է հանրությունը:

Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն»:

Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է: