Քաղաքական, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը կարծիք էր հայտնել, որ իրականում Ապրիլյան քառօրյայի տղաների սխրանքը չի գնահատվել ըստ արժանվույն և հիշատակը չի հարգվել, քանի դեռ չեն պատժել այդ խայտառակ (և շատ հնարավոր է՝ պայմանավորված) պատերազմի իրական մեղավորները.«Եվ անգամ հիմա, նոր իշխանության օրոք ոչինչ չի արվում այդ ուղղությամբ»,-գրել էր Հարոյանը։
Politik.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով գրառումը, Հարոյանն ասաց.
«Ես համոզված եմ, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված առայժմ խորը հետաքննություն չի կատարվել, իսկ դրա կարիքը միանշանակ կա: Այնտեղ շատ-շատ հարցեր կան, որ այդպես էլ մնացին անպատասխան, և մենք այդպես էլ չհասկացանք ՝ դրանք լուրե՞ր էին, որ համառորեն պտտվում էին, թե այդ լուրերը իրենց հիմքում ունեին որոշակի անհերքելի փաստեր: Ես զարմանում եմ, որ մինչև հիմա այդ իրադարձությունը, որ իսկապես այդքան բախտորոշ էր մեզ համար, չի ստացել իր քաղաքական գնահատականը: Հիշում եմ, որ օպոզիցիա եղած ժամանակ էլ ներկայիս իշխանությունները անընդհատ խոսում էին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, նույնիսկ լուրեր էին պտտվում, որ դա պայմանավորված պատերազմ էր»:
Անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Լուսինե Հարոյանն ասաց.«Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ չեմ կարող գնահատական տալ, որովհետև որևէ կոնկրետ արդյունք ես առայժմ չեմ տեսել բանակցային գործընթացից: Հստակ գնահատական հնարավոր կլինի տալ արդեն հաջորդ հանդիպումից հետո, թեև նշեմ, որ այս հանդիպումից էլ գոհ լինել չի կարելի, որովհետև հենց այն փաստը, որ մինչ այժմ բանակցությունների ընթացքից գոհ է եղել Ալիևը (միգուցե դա իր ներքին լսարանին է ուղղված եղել, չգիտեմ), մինչ հանդիպումը հնչած իր հայտարարություններն էլ խոսում էին օպտիմիզմի մասին, այդ օպտիմիզմը մեզ լավ բան մտածելու տեղիք չի տալիս»:



