Times.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրությանը, մասնակցել են Հայատանի քաղաքական վերնախավը։ Այնտեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ և այլն։
Ըստ Times.am-ի տեղեկությունների, վարչապետ Փաշինյանի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալու առիթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներն օգտագործել են իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Փաշինյանին մասնավորապես հարցրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այս օրերին Երևանում ընթացող ուսանողական բողոքի ակցիաների մասին, որին ի պատասխան կառավարության ղեկավարը ասել է.
«Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։
Լուրի հետ կապված politik.am-ը մեկնաբանություն է խնդրել Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից։ Նա մասնավորապես ասաց․
«Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային' ցուցարարների հետ հանդիպման եւ ուղիղ եթերի ընթացքում»