Նիկոլը հերթական լայվի ժամանակ կասի՝ այդ ե՞ս ե...

Երբ Նիկոլը վերցրեց եւ փետրվարի 23-ին հայտարարեց, որ ռուսաստանյան
գերժամանակակից «Իսկանդերը» չի պայթում կամ պայթում է տասը տոկոսով,
ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես նրան մեղադրեցին
ստախոսության մեջ:
Հասկանալով, թե ինչ են արել, ինչպես արդեն սովոր ենք, փաշինյանական թիմը, մեկը
մյուսին հերթ չտալով սկսելու են բացատրել, թե ինչ է իրականում ասել Նիկոլը: Այս
գործին ակտիվ մասնակցություն է ունենալու եւ հենց ինքը՝ Փաշինյանը, որին արդեն
նույնիսկ միջազգային մակարդակում ճանաչում են որպես պաթալոգիկ ստախոս:
Կռահելով, թե ինչ են ասելու փաշինյանական թիմի կարկառուն ներկայացուցիչները,
նրանցից մի փոքր առաջ ընկնելով ներկայացնում ենք նրանց մտքի բարբաջանքները:
Այսպես, Նիկոլը հերթական լայվի ժամանակ կասի՝ այդ ե՞ս եմ ասել, որ «Իսկանդերը» չի
պայթում, այդ ե՞ս եմ ասել, որ տասը տոկոսով է պայթում: «Գրավոր գրեք, բերեք իմ ասածը
եւ ես մանրամասնորեն կբացատրեմ, թե ինչ եմ ցանկացել ասել»,- կհավելի նա, ասելով, թե
այնքան սեր է դրել «Իսկանդերի» մեջ, որ անգամ որոշել է առաջին թոռան անունը հենց
Իսկանդեր դնի:
Մակունցը պատասխանելով Հանրային հեռուստաալիքի թղթակցի համապատասխան հարցին
կշեշտի, թե անընդունելի է համարում, որ հանրությունը շահարկում է Փաշինյանի ասածը:
«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, թե ինչպես ենք վերաբերում Ռուսաստանին: Ինչ
վերաբերում է «Իսկանդերին», ապա փաշինյանի միակ ցանկությունն այն է եղել, որ
ռուսաստանյան կողմը հասկանա, որ ավելի լավ կլինի, եթե զենքը տասը տոկոսով ավելի
ուժգին պայթի: Եւ ես կրկնում եմ, որ Թուրքիան չի միջամտի այդ ամենին»: Մակունցն
օգտվելով առիթից կհավելի՝ մշակույթը շարունակում է իմ մեջ լինել, եւ անկեղծ ասեմ,
իսկանդերների համար այնտեղ տեղ չկա:
Ռուբեն Ռուբինյանն էլ կասի, որ Նիկոլն իրականում ասել է, որ ոչ թե «Իսկանդերը» չի
պայթում, այլ չեն պայթում մյուս բոլոր առարկաները, որոնք գտնվում են «Իսկանդերի»
հասցրած հարվածի մոտակայքում:

Ալեն Սիմոնյանն էլ վրդովմունքով կբացատրի, որ իրականում Նիկոլը, որը
տարածաշրջանում ունի ամենաբարձր վարկանիշը, ցանկացել է միայն ասել, թե ինչ
կարեւոր է երկրի համար կանեփի արտադրության ծավալների աճը: «Պետք է ավելի
ուշադիր լսել վարչապետին: Դա պետք է անեն նաեւ մեր ռուս բարեկամները: Օրինակ, ես
դա անում եմ միշտ, եւ այստեղ ինձ օգնության է հասնում հենց կանեփի արտադրությունը»,-
կշեշտի Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Լենա նազարյանին, ապա նա կպնդի, որ «Իսկանդերը» խորհրդանշում է
հայ-ռուսաստանյան բարեկամությունը, եւ որ Նիկոլը չէր կարող նման անհեթեթություններ
դուրս տալ, եւ որ դա հակահեղափոխական ուժերի ձեռքի գործն է:
Իսկ արտաշատցի մի պապիկ կասի, որ Նիկոլը պետք է փակի «Արմնյուզն» ու «Հինգերորդ
ալիքը», որ Ռուսաստանում չիմանան, թե ինչ է ասում նա:
Թեմային պարտադիր կանդրադառնա նաեւ Արարատ Միրզոյանը, պնդելով, որ իրեն
հարվածել են հենց «Իսկանդերով», եւ Նիկոլը հենց դա է նկատի ունեցել, երբ պնդել է, թե
այն չի պայթում: «Եկավ հիվանդանոց, ինձ տեսավ ու ասաց՝ փաստորեն չի պայթել հա՞»:
Վահագն Հովակիմյանը կպատասխանի լրագրողներից մեկի հարցերին եւ աչքերն արագ-
արագ թարթելով, կմկմալով կասի, որ «Իսկանդերը» որպես այդպիսին, ինքը, որ
բայցեւայնպես, ինքնստինքյան, քանզի, այդ կոնտեքստով նայել եւ նոնսեսային
իրավիճակներից խուսափել: «Խորհուրդ եմ տալիս ռուսաստանցիներին չտրվել այդ, այսպես
կոչված, ուժերի սադրանքներին»,- կպնդի նա:
 
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ