«Նիկոլին տանենք Միշիկին բերենք», որ ի՞նչ լինի...

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա և համատեղությամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը,  չնայած խոստմանը` այլևս չխոսել մեր երկրի ներքաղաքական խնդիրների մասին, օրերս կրկին անդրադարձ էր կատարել շատ կարևոր մի քննարկման` «ինչու՞ Սերժ Սարգսյանը իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին»։

Միքայել Մինասյանի արձագանքը հուշում է, որ թեման իր համար խիստ կարևոր է, հակառակ դեպքում ինչու պետք է խախտեր իր տված խոստումը և դադարեցներ տելեգրամում գիտությամբ զբաղվելը ու թաթախվեր ներքաղաքական այս թեժ քննարկման մեջ։

Մինասյանն անհանգիստ է, քանի որ «Նիկոլին բերելու» գործում իր «ամագը» նշանակալի է և որոշ դեպքերում գուցե ավելին, քան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանինը։ Նախկին դեսպանը հայտարարել էր, թե Նիկոլին բերողը ժողովուրդն է․ «Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը։ Պատճառը պարզ է. Չեն ցանկանում ընդունել, որ իրենք են հեղափոխության առաջացման պատճառն ու ուղիղ պատասխանատուն»,-գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Նախկին դեսպանը նաև համարում է, որ անիմաստ զբաղմունք է «Նիկոլին բերողի» փնտրտուքը և հիմա առավել կարևոր հարց պետք է քննարկվի, թե «ո՞վ է տանելու Նիկոլին»։ Քննարկումն ինքնին անիմաստ չէ, քանի որ «Նիկոլին բերողների» հետ հնարավոր չէ նրան տանել, կամ, գուցե հնարավոր լինի ֆիզիկապես, զուտ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, բայց իր փոխարեն կարող է գալ նույն օրակարգն ունեցող Միքայել Մինասյանը և «Նիկոլին տանելն ու Միշիկին բերելը» նոր փորձանք դառնա ժողովրդի գլխին։ Կամ որ ավելի պարզ լինի՝ «Նիկոլին տանենք, Միշիկին բերենք, որ ի՞նչ լինի»։

«Նիկոլին տանելը» պարտադիր է, բայց դա պետք է անեն այն ուժերն ու անհատները, որոնք «Նիկոլին բերելու» հետ գաղափարական կապ չունեն, չեն սպասարկում «Նիկոլին բերելու» օրակարգը, այսինքն՝ Հայաստանը չեն դարձնում Արևմուտքի համար մանրադրամ։ Միայն այս պարագայում է հնարավոր համոզված լինել, որ «Նիկոլին տանելը»  կփրկի Հայաստանը։ Թե չէ աշխարհաքաղաքական ընտրության տեսանկյունից, աշխարհընկալման ու համոզմունքների տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի, Միքայել Մինասյանի ու իրենց սատելիտների մեջ մեծ տարբերություն չկա։