Օրերս իր հարցազրույցներից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր, որ Քելբաջարը մերը չի եղել. «Կարո՞ղ է ամբողջ Հայաստանում կա մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր: Դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»:
Աղազարյանի այս հայտարարությանը արձագանքել էր իշխանական մեկ այլ պատգամավոր Սասուն Միքայելյանը․ «Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասել էր Սասուն Միքայելյանը։
Սասուն Միքայելյանի ջանքերն, իհարկե, հասկանալի են՝ նա փորձում է մաքրել իր դեմքը և հանրությանը ներկայանալ ազատամարտիկի կերպարով, բայց, այլևս, նրա փորձերն ապարդյուն են։ Ազատամարտիկ Սասուն Միքայելյանն այլևս չկա, հիմա կա Նիկոլի Սասունը։ Մարդ՝ ով մարտի 1-ին, Արցախը՝ այդ թվում և Քարվաճառը, հանձնած Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած էր «ամոթի և ստորացման» հանրահավաքի բեմում։
Նիկոլի Սասունն իրականում ոչ դուխով է, ոչ էլ Քարվաճառն է համարում հայկական, հակառակ պարագայում նա չէր կանգնի Փաշինյանի կողքին և չէր «ստորագրի» հողերի հանձնման գործողության տակ։ Նա պարզապես մի թուլամորթ պատգամավոր է գտել, սեփական թիմի անդամ և նրա հաշվին փորձում է ձևացնել, թե նախկին ազատամարտիկն է։ Նիկոլի Սասունը սիրում է իրեն համարժեք պատասխանել չկարողացող կամ չցանակցող գործիչների հաշվին «մաչո» ձևանալ՝ Էդմոն Մարուքյանի հետ կայացած միջադեպը վկա։



