ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին:
Վարչապետի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Խաչատուրյան.
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:
Կրկին ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն նախագահ»: