2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ չի պատրաստվում հրաժարվել իր ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարությունից:
«Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ հետևողական է լինելու նաև իր տարածքային ամբողջականությունն արձանագրելու, նաև հարևանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, նաև խաղաղության օրակարգի գործում, նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականցնելու հարցում, նաև Եվրամիության հետ հետագա հարաբերությունները խորացնելու հարցում»,-հավելել է նա:
Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Փաշինյանը գոնե խոսում է Վլադիմիր Պուտինի հետ, ինչին վարչապետը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ դեկտեմբերին շփումներ են ունեցել:
«Գիտեք, մենք միջպետական հարաբերությունների մեջ ենք, և Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկար հարաբերությունների պատմություն: Այդ հարաբերությունների պատմությունն ունի որոշակի ինստիտուցիոնալ ավանդույթներ: Մենք այդ ավանդույթների շրջանակում ենք»,-ասել է Փաշինյանը:



