«Նիկոլ Փաշինյանի հետևողականությունն՝ իր վրայից գցելու բոլոր այն պարտականությունները, որոնք տհաճ են կամ պատասխանատու, պարզապես հիացնում է: Արցախի ժողովուրդն իր որոշումը հանրաքվեով տվել է, հայ ժողովուրդը սատարել է այդ որոշմանը: Արցախի խնդիրը Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին է, ուրիշ ոչ մի բանի մասին չէ: Տարօրինակ է, որ Ղարաբաղի դոսյեն ընթերցող վարչապետն այս պարզ ճշմարտությունը դեռևս խիզախություն չունի բանաձևելու»,- ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նաև նշեց, որ ՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին դիմադրող արտախորհրդարանական թիվ մեկ և Հանրապետությունում քվեներով չորրորդ քաղաքական միավորն է.
«Որքան էլ Փաշինյանն ու յուր թիմը փորձում են անտեսել ՀՀԿ-ն ու կասեցնել այն, մեկ է՝ ասուլիսի 30 տոկոսը նվիրում են մեզ, ամենօրյա իրենց գործունեության ժամանակ ստիպված են անդրադառնալու իմ ու իմ գործընկերների կողմից բարձրաձայնած խնդիրներին», - ասաց Աշոտյանը:
Վերջինս ընդգծեց՝ եթե խորհրդարանական ընտրությունները չլինեին դեկտեմբերին, այլ լինեին ապրիլ-մայիս ամիսներին, ապա ՀՀԿ-ն՝ անկախ բոլոր վարչական ճնշումներից ու խոչընդոտներից, առնվազն 100 հազար ձայն կստանար և, վստահաբար, կհայտնվեր խորհրդարանում, որտեղ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կփորձեր դարձնել արդյունավետ:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ կան մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչումը, Արցախի հարցը, որոնց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը համարժեք չէ:



