ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերին:
Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:
ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված ձևաչափով:
Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Այդ համատեքստում, կարևորվել է երկու երկրների կառավարությունների ակտիվ փոխգործակցությունը:
ԳԴՀ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումների կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և նշել, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և երկոսւտեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Տիկին Աննա Հակոբյանը և Էլկե Բյուդենբենդերը կարևորել են պետությունների ղեկավարների տիկնանց ակտիվ գործունեությունը տարբեր ուղղություններով:
ԳԴՀ նախագահի տիկինը կարևորել է դուալ կրթության ոլորտի զզարգացումն ու այդ ուղղությամբ կյանքի կոչվող ծրագրերը` մանրամասներ ներկայացնելով Գերմանիայում իրականացվող քայլերի վերաբերյալ:
Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:
Ընդգծվել է կանանց կարևոր դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում:
Այս համատեքստում, տիկին Հակոբյանն Էլկե Բյուդենբենդերին հրավիրել է այս տարի Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին: