Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախկին վարչապետը...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել պարոն Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան՝ Սյունիքի մարզ:

Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, տեղում գնահատել իրավիճակը:

Այս համատեքստում, կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: