Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն ու Վալտեր Շտայնմայեր հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն  և նշել, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր: 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ և խորացող համագործակցություն։ Այդ առումով, ՀՀ վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անձնական ջանքերի համար։ 

Գերմանիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցության խորացումը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռանկարային է համարել փոխգործակցությունը տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում: Գերմանիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման ու ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:

Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին:  

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: