Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ՝ նիստ հրավիրելու առաջարկով և հիմա խորհրդի նիստում կքննարկենք ստեղծված իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով արտահերթ ընտրությունների չեղարկման հարցը դեռևս չի քննարկվում, քանի որ կա շատ ավելի կարևոր հարց:
«Այս պահին փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ-ի համապատասխան խողովակներով, Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին փոխօգնության պայմանագրի շրջանակներում, նաև՝ ռազմական օգնության հարցով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակը նշեց՝ սպասում են ՀԱՊԿ-ի պատասխանին:
Հարցին՝ կարելի՞ է համարել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ այս պահին նման հայտարարությունն անընդունելի է, քանի որ որևէ կրակոց չի հնչել, որևէ ընդհարում չի եղել, եղել են միայն տեղաշարժեր:



