
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության
խորհրդարանական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ,
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են
սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ
բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-
Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և
Քսավիե Բրետոնը:
«Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես մեր կողքին լինելը: Շատ կարևոր է Ֆրանսիայի
թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնի բարձրաստիճան պատվիրակությունների այցը մեզ համար դժվարին
ժամանակաշրջանում և մասնակցությունը Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Դա վկայում է Հայաստանին ու
Արցախին բարեկամ Ֆրանսիայի համերաշխության, հայ-ֆրանսիական ավանդական կապերի և ընդհանուր
ժողովրդավարական արժեքների մասին: Այս արձանագրումն արել եմ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի
հետ հեռախոսազրույցում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Մեծ եղեռնի
միջազգային ճանաչման ու դատապարտման գործում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունմամբ
(որի 20-ամյակը լրացավ այս տարի), 2019թ. ի վեր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես
Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրմամբ և պետական մակարդակով ոգեկոչմամբ։ Նիկոլ Փաշինյանը
երախտագիտություն է հայտնել զրուցակիցների անմիջական ջանքերի շնորհիվ ապրիլի 16-ին Ադրբեջանի կողմից հայ
ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևի նախագիծը Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը ներկայացնելու
համար։
Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան իր պատմության ընթացքում դժվար փորձությունների, կործանարար
պատերազմների միջով է անցել և լավագույնս հասկանում ու կիսում է այն ցավը, որը կրում է հայ ժողովուրդը: Նրա
խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին:
Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը համապատասխան բանաձևի ներկայացումը, ընդ որում՝
նախատեսվում է նման բանաձև ներկայացնել նաև Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա
բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ընդգծել է, որ չնայած
ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է, և Ֆրանսիան ամեն կերպսատարելու է դրան: Այդ համատեքստում էր նաև 2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 188 կողմ և 3
դեմ ձայներով Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները կիսվել են Արցախ կատարած այցից
տպավորություններով և ասել, որ այցելել են նաև Զինծառայողների վերականգնողական կենտրոն: Նրանք նշել են, որ
ցնցվել են Եռաբլուրում, Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից, շատ են ցավում բոլոր հայ ընտանիքների
կորուստների համար և միևնույն ժամանակ, տպավորված են Հայաստանում և Արցախում այդ թվում երիտասարդների
հետ ունեցած շփումներից, որոնք լի էին հույսով ու հավատով ապագայի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի
շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության
շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի,
Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված խոչընդոտներին, որոնք ստեղծում է Ադրբեջանը,
զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցությանը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատար կանգնել Հայաստանին ու
Արցախին և աջակցել վերականգնման, զարգացման գործին:
«Տպավորված եմ ձեր խոսքերից և պատրաստակամությունից: Մենք միշտ զգացել ենք ձեր աջակցությունը, որն
առավել ևս հիմա շատ կարևոր է», - ի պատասխան նշել է Նիկոլ Փաշինյանը: