Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով ժաման...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Կատարի Պետություն։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Դոհա» միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեց Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Պաշտոնական այցի շրջանակում կառավարության ղեկավարը կմեկնի Էմիրի Դիվան, որտեղ կհանդիպի Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Հանդիպումներից հետո նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում. Կատարի պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բն Աբդալռահման Ալ Թանին և ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կստորագրեն Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր, Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին և Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կստորագրեն մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր, Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կստորագրեն Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր,Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կստորագրեն երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Երկու երկրների միջև կստորագրվի նաև առողջապահության, զբոսաշրջության ոլորտներին առնչվող համագործակցության պայմանագրեր։ Օրվա վերջում վարչապետը նաև կհանդիպի Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։