Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում սեպտեմբերի 2-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ցույցին մասնակցել են նաև Նիդերլանդների մի խումբ քաղաքական գործիչներ, գիտնականներ, ուսանողներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում պահանջել են իրավասու միջազգային կառույցներից անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Ամստերդամում մասնակցել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու պահանջով բողոքի ակցիային։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցեղասպանություն է, որը սկսվել է դեռ տարիներ առաջ՝ հայկական խաչքարերի, արձանագրությունների, եկեղեցիների և այլնի ավերմամբ ու Ադրբեջանի կառավարության կողմից ատելության հրահրմամբ»,- ցույցից հետո X- ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է հոլանդացի լրագրող Սոնյա Դահլմանսը։
Ցույցի մասնակիցները պարզել էին նաև «Բացեք Լաչինի միջանցքը», «Կանգեցրեք ցեղասպանությունը Արցախում», «Պատժամիջոց սահմանեք Ադրբեջանի դեմ», «Հարգեք Քրեական միջազգային դատարանի վճիռը» պաստառները։