«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կոնցեսիոն պայմանագրի հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը կկայանա մինչև նոյեմբերի վերջ՝ Երևանում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ հերթական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում, նույն կազմով, ինչ առաջին նիստը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի («Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերություն) կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերի քննարկման նպատակով ստեղծված հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել էր Երևանում նոյեմբերի 17-ին։ Հայաստան էին ժամանել ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին և ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն։ Հայկական կողմը գլխավորում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի կեսերին Հայաստանն ու Ռուսաստանը աշխատանքային խումբ են ստեղծել՝ երկաթուղու շահագործման հետ կապված հարցերը լուծելու համար։ Հայկական կողմից այն գլխավորում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։



