Դեկտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը առաջին սպայական կոչումներ են հանձնել պարեկային 27 ծառայողի։
Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Շնորհավորելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ընտրվել են լավագույն արդյունքներ գրանցած ծառայողները և կատարած աշխատանքն է լինելու ընտրության միակ ձևաչափը։ Կարևորելով ծառայության շարունակական զարգացումը՝ նախարարը շեշտադրել է հասարակական կարգի պահպանության ու քաղաքացիների անվտանգության ապահովման գործում պարեկներից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու նվիրումով ծառայությունը։
Արամ Հովհաննիսյանը շնորհավորել է պարեկներին, մաղթել բարի ծառայություն և մասնագիտական հաջողություններ։
Շնորհավորելով պարեկներին՝ Արթուր Խուդինյանը նշել է, որ սպայական ուսադիրներ ստանալը մեծ պատիվ է և պարտավորեցնող՝ ավելի լավ ծառայություն իրականացնելու համար՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանն ու հանցավորության դեմ պայքարին։