
ՆԳ նախարարության համար բռնությունների և խոշտանգումների բացառումը հանձառություն է: «Մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանի իրավապահ համակարգում» կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արմեն Մկրտչյանի խոսքով` ՆԳ նախարարությունը, որպես Ոստիկանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող և պատասխանատվություն կրող մարմին, հստակ քաղաքականություն է մշակում բռնության դեպքերի բացահայտման և բացառման ուղղությամբ: Այս համատեքստում Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը` ծառայողների կրթության ապահովում, վերապատրաստումներ, վերահսկողական գործիքակազմի ներդրում և այլն:
ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև տեսաձայնագրառող սարքերի կիրառմանը, ինչը խնդրահարույց իրավիճակներում ոստիկան-քաղաքացի շփումը դարձնում է առավել թափանցիկ և կանխատեսելի ինչպես քաղաքացու, այնպես էլ ոստիկանի համար` երկուստեք ապահովելով հավասարազոր պայմաններ և ստեղծելով անհրաժեշտ ապացուցողական բազա:
Իրավապահ համակարգում խոշտանգումների և մարդու իրավունքների այլ խախտումներին են անդրադարձել նաև Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ծավալելով ընդհանուր քննարկում։