ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստա...

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։

Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական գործառույթներին, ենթակառուցվածքներին, ներկայացրել է ճգնաժամային իրավիճակներում իրականացվող գործողությունները։
Պատվիրակության անդամներին ներկայացվել են նաև ճանապարհային երթևեկության տեսալուսանկարահանման ու ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով կիրառվող էլեկտրոնային մոնիթորինգի համակարգերի աշխատանքը։

Նույն օրը Հայաստանի պատվիրակությունը այցելել է նաև Վրաստանի ՆԳ նախարարության ակադեմիա։ Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեն և ակադեմիայի ռեկտոր Լելա Չիկովանին ներկայացրել են ուսումնապրոցեսի մանրամասները։
Պատվիրակության անդամները հետևել են դասախոսություններին և ցուցադրական պարապմունքներին։
Այցի ընթացքում քննարկել են երկու երկրների ՆԳ նախարարությունների կրթական հաստատությունների միջև փոխգործակցության զարգացման ու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Հունիսի 22-ին նախարար Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների կենտրոն։ Տնօրեն Վախթանգ Ժվանիան ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելը։
Պատվիրակության անդամները շրջել են տարածքում, ծանոթացել նորարարական ծրագրերին և տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև շարժական ծառայություններին, ինչը հասանելի է երկրի ողջ տարածքում՝ 125 մասնաճյուղերի միջոցով։

Նույն օրը Հայաստանի պատվիրակությունն այցելել է պարեկային ոստիկանության վարչություն, ծանոթացել իրականացված բարեփոխումներին և ապագա ծրագրերին։
Փոխնախարար Դարախվելիձեն և վարչության ղեկավար Լևան Մայսուրաձեն տեղում ներկայացրել են ծառայության հիմնական գործառույթները, ծանոթացրել ավտոպարկին ու Միասնական սպասարկման կենտրոնին, որտեղ քաղաքացիներին ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհանի» սկզբունքով։

Վրաստանի ՆԳՆ ծառայությունների գործակալությունում՝ նախարար Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է տրանսպորտային միջոցների հաշվառման ու համարանիշների թողարկման գործընթացներին, ինչպես նաև վարորդական իրավունքի տեսական ու գործնական քննությունների անցկացման կարգին։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպումների համար՝ ընդգծելով երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամրապնդող գործոն: