Ներքին գործերի նախարարության ենթակայությամբ կձևավորվի նոր կրթահամալիր՝ Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման արդյունքում:
Այս մասին «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացնելիս ասել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Այս պահի դրությամբ ՆԳՆ-ի ենթակայության ներքո գործում է երկու ուսումնական հաստատություն՝ Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:
Նա նկատեց, որ այս երկու ուսումնական հաստատություններն, ըստ էության, տարբեր ձևաչափերով են ապահովում նախարարության մշակած քաղաքականությունը: «Կարիք ունենք մեկ միասնական քաղաքականության իրականացման նաև կրթության ոլորտում: Հետևապես այս երկու կրթահամալիրը պետք է միավորվել: Առաջարկվում է նախարարության ենթակայության ներքո ձևավորել մեկ միասնական կրթահամալիր, որը կկարողանա մեկ կետից ապահովել միասնական քաղաքականություն՝ այն քաղաքականությունը, որը նախարարությունը կմշակի կրթության կազմակերպման և կադրերի պատրաստման մասով»,-ասաց Արփինե Սարգսյանը:
Ըստ նրա՝ կրթահամալիրը կլինի քաղաքացիական ուսումնական հաստատությունների շարքերը համալրող նոր կրթահամալիր: Այս պահին Ոստիկանության կրթահամալիրի ռեկտորը հանդիսանում է Ոստիկանության ծառայության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորը՝ փրկարար ծառայող: Օրենքի ընդունումից հետո ամբողջ վարչական հատվածը, նաև ղեկավար անձնակազմը կլինեն քաղաքացիական անձինք:
ՆԳ նախարարը մինչև մեկ տարի ժամկետով կնշանակի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որին բաց մրցութային ձևաչափով կհաջորդի ռեկտորի ընտրության ընթացակարգը:
«Ցանկացած անձ, որը ցանկանում է մուտք գործել ոստիկանության կամ փրկարարական համակարգ, պետք է պարտադիր ուսումնական գործընթացով անցնի հենց այս կրթահամալիրում»,-ասաց փոխնախարարը:
Կարճաժամկետ պլանում նախատեսվում է մեկ միասնական ենթակառուցվածքում ապահովել 2 կրթահամալիրի միացումը: Միջնաժամկետում այն տեղակայվելու է նախատեսվող «Ակադեմիական քաղաք»-ում:



