«Ներողություն խնդրե՛ք ու ռադներդ քաշե՛ք». Անա...

Մենք այսօր ականատես ենք, թե ինչ է կատարվում մեր հայ ժողովրդի հետ. մարդիկ, որոնք Արցախի անունը տալով, Արցախում զոհված տղերքի արյունով եկել են իշխանության, այսօր հրաժարվում են Արցախից, հրաժարվում են ընդհանրապես Արցախ հետ վերադարձի իրավունքից։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են հանրայնացնել 44–օրյա պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Մենք ասում ենք՝ չեք կարողանալու, խոսք եք տվել պատասխան պիտի տաք։ Այդ պատասխանի հետևից էլ մենք եկել ենք, եթե այդ հանձնաժողովը ձևակերպել է այդ պատերազմի պարտության պատճառները ներկայացնելու, հանրայնացնելու խոստում, ուրեմն դուք պարտավոր եք այդ բոլորը անելու։ Եթե չէ՝ այս գալիք ընտրությունների ընթացքում ձեր մտավախությունները, ներկա իշխանության ներկայացուցիչներ, ներողություն խնդրելով չի անցնելու։ Ներողություն խնդրելով Արցախ հանձնեք, ներողություն խնդրելով 5000 զոհ տաք, ներողություն խնդրելով տարածքներ կորցնեք, ներողություն խնդրելով մեր իրավունքները մեզանից խլեք, վաճառեք, թուրքի թեզը առաջ տանեք։ Դա ներողության բան չի, այստեղ արժանապատվության հարց է։

Եթե ձեր մոտ ստացվում է ներողություն խնդրելով ձեր կարգավիճակը մի ձևի փրկել, հիմա ասում ենք՝ ներողություն խնդրեք ու ռադներդ քաշեք։ Դա էլ հանրության կողմից ներկայացրած բանաձևն է։

Մենք այսօր ուզում ենք վաղվա ապագան տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում։ Այսօր ինչ խոսում է Ալիևը, նույն խոսույթը օգտագործում են սրանք։ Դա մեր արժանապատվության, մեր հայ լինելու, մեր հայ ապրելու, կրոնական պատկանելիության առաջին վտանգն է։ Ուրեմն համար մեկ ներքին թշնամին հենց դուք եք, դրա համար մենք պահանջատեր ենք, պահանջելու ենք, դուրս եկեք։ Անդրանիկ Քոչարյանը դոշ էր խփում, առավոտից իրիկուն ասում էր՝ համբերեք։ Անհետ կորածներին ասում եք՝ համբերեք, զոհվածների ծնողներին ասում եք՝ համբերեք, Արցախը կորցրած, տունս, հայրենիքս կորցրած, եկած այստեղ, ասում եք՝ համբերեք։ Համբերությանն էլ կա ժամանակ, այդ ժամանակն էլ լրացրել է, հիմա այսօրվա պարագայում ամեն մեկդ պարտավոր եք դուրս գալ և հիմնավորած ներկայացրեք, ինչ պատճառների հիման վրա է եղել Արցախի հանձնումը, Արցախի պարտությունը։ Դուք եք համար մեկ պատասխանատուն, չփորձեք այդ պարտությունը ժողովրդի վզին գցեք»,–ասաց նա։

Անաստաս Իսրայելյանի խոսքով իշխանությունը կեղծ խաղաղության թեզը հիմա էլ փոխարինել է պատերազմի վտանգով. «Ի՞նչ պատերազմ, սրանից մի քանի ժամանակ առաջ դուք ասում էիք, որ Արցախը տվել եք, անկախություն եք ձեռք բերել։ Այդ անկախությանը ի՞նչ պատերազմի վտանգ պիտի լինի։ Ուրեմն պատերազմ բերողն էլ եք դուք, սեպտեմբերի պատերազմ բերողն էլ եք դուք լինելու, պատերազմի հրահանգողներ էլ դուք եք լինելու։

Մի հատ ավտոբուս եք նստել, ասում եք՝ մեզ չընտրեք՝ պատերազմ է լինելու։ Հիմա եթե այդ ավտոբուսը գնա վթարի ենթարկվի, սաղդ մեռնեք, էլի պատերա՞զմ պիտի լինի»,– ընդգծեց նա՝ պահանջելով, որ մինչև ընտրություններ պետք է հրապարակվի քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Եթե չհրապարակեցիք մինչև ընտրություններ, ուրեմն դավաճանության իրական պատասխանատվությունը ձեզ վրա է, ուրեմն մեղք ունեք դրա մեջ, եթե չեք բացահայտում, ուրեմն ավելի պարտության մեջ ամենամեծ փայը ձեր վրա է»։