Ներկայացվել է Հարավային Կովկասում կայուն խաղա...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մայիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում։

Զրուցակիցները քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնակի շեշտելով տարբեր ուղղություններով առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ընթացիկ տարում արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր իշխանության մարմինների միջև փոխգործակցության ակտիվացումը: 

Մնացական Սաֆարյանը դեսպան Բոկոնտաևին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումներին: