
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարարի տեղակալ Մինա-Լիինա Լինդի հետ:
ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին շրջանում Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների ակտիվացման հանգամանքը և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ կիբեռանվտանգության, էներգետիկ անվտանգության, ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում հետագա համագործակցության խորացման հեռանկարները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանի կառավարության կողմից իրականացվող գործողությունները, մտքեր են փոխանակվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի վերաբերյալ: Շեշտվել է նաև Հայաստանի ու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափով հետագա երկխոսության կարևորությունը:
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկան»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: