Նեպալի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարակ...

Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պուդելն ընդունել է վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլիի հրաժարականը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի օգնականին։

Պաշտոնյան նշել է, որ նախագահը սկսել է երկրի նոր ղեկավարի շուրջ քննարկումները։ 

Նեպալի բանակը X-ում դիմել է ժողովրդին՝ խնդրելով զսպվածություն ցուցաբերել, քանի որ Օլիի հրաժարականն ընդունվել է։ 

73-ամյա Օլին վարչապետի պաշտոնը ստանձնել էր հուլիսին՝ 4-րդ անգամ։ Նա Նեպալի վարչապետն էր 2008 թվականից ի վեր։ 

Քհադգա Պրասադ Շարմա Օլին վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել երկրում երկու օր շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին։

Ցույցերը շարունակվում էին՝ չնայած այն բանին, որ կառավարությունը հայտարարել էր սոցիալական մեդիայի հարթակների արգելքը չեղարկելու մասին։ Ցուցարարները պահանջում էին վարչապետի և կառավարության հրաժարականը բողոքի ակցիաների ընթացքում շուրջ 20 մարդու զոհվելուց և 250 մարդու վիրավորվելուց հետո։