Նելլի Մինասյանի փաստաբանական արտոնագրի գործող...

Փաստաբանների պալատն արձագանքել է ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած տեսանյութին՝ նշելով, որ փաստաբան Նելլի Մինասյանին զրկել են արտոնագրից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. »Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից տարածված տեսանյութին, որը նաև լայն տարածում է գտել լրատվական կայքերում և վերջիններիս կողմից նշվում է նաև անձի տվյալները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նելլի Մինասյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը ՀՀ փաստաբանների պալատի Խորհրդի 13.05.2025 թվականի թիվ 9/11֊Ա որոշմամբ դադարեցվել է: Որոշումն ուժի մեջ է մտել 22.06.2025 թվականին:

Փաստաբանների պալատի խորհուրդը Նելլի Մինասյանի արտոնագրի գործողությունը դադարեցրել է այն հիմքով, որ նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Թեև Նելլի Մինասյանը Փաստաբանների պալատի խորհրդի նշված որոշումը բողոքարկել է դատական կարգով, սակայն Խորհրդի նշված որոշումը կատարում չի նախատեսում և օրինական ուժի մեջ մտնելու պահից արդեն իր իրավական հետևանքն ունեցել է, որպիսի պայմաններում էլ Նելլի Մինասյանի անունը հանվել է փաստաբանների ցուցակից»։