Նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ...

Գործադիրն առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի և հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի և դիզելային վառելիքի անվանումների սահմանումները՝ հետագայում գործնականում խնդիրները բացառելու համար: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում նախատեսվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նոր կարգավորմամբ քսայուղը ներառում է ծանր թորվածքները և քսանյութերը, բացառությամբ ավիայուղի, բենզինը ներառում է թեթև թորվածքները և նյութերը, այդ թվում՝ շարժիչային բենզինը, բացառությամբ ավիաբենզինի, իսկ դիզելային վառելիքը՝ միջին և ծանր թորվածքները, բացառությամբ ավիավառելիքի:

Առաջարկվում է ԱՏԳ ԱԱ 3811 և 3819 ծածկագրերին դասվող ապրանքները սահմանել ակցիզային հարկով հարկման ենթակա: Արթուր Մանուկյանի խոսքով 3811 ծածկագրին դասվող հավելանյութերն ու նյութերը թեպետ բենզին չեն, սակայն որոշակի վերափոխման արդյունքում կարող են օգտագործվել որպես վատ որակի բենզին: Առաջարկվում է այս ապրանքների դեպքում ևս սահմանել նույնչափ ակցիզային հարկ, որքան բենզինի պարագայում է:

«Սահմանել ենք բենզինի համար գոյություն ունեցող կանոնը. երբ ակցիզային հարկը մեկ տոննայի հաշվով կհաշվարկվի, և ԱԱՀ-ն հանրագումարային 135 հազար դրամից պակաս կլինի, ապա ակզիզային հարկը պետք է ավելացվի այնքան, որ նվազագույնն այդ 135.000 դրամն ապահովվի»,- պարզաբանել է զեկուցողը:

Հաջորդը 3819 ծածկագրերին դասվող արգելակման, հիդրավլիկ և այլ հեղուկներ՝ պատրաստի, նախատեսված հիդրավլիկական փոխանցիչների համար, 70 տոկոս զանգվածային բաժնից պակաս՝ բիտումային ապարներից ստացված նավթ կամ նավթամթերքներ չպարունակող կամ պարունակող ապրանքներն են: Դրանք կարող են օգտագործվել որպես քսայուղեր: Առաջարկվում է այս խմբի համար ևս սահմանել ակցիզային հարկ, ինչը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, կվերացնի տարբեր մոտեցումները և նմանատիպ ապրանքների ակցիզային հարկով հարկման հավասար դաշտ կստեղծի:

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ անցած տարի բենզինի հավելում օկտան տեսակի շուրջ 4,5 հազար տոննա հեղուկ է ներմուծվել, իսկ այս տարի՝ մոտ 3 տոննա:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը կատարվում է ոչ թե հարկային մուտքեր ավելացնելու կամ տուգանելու, այլ անորակ բենզինով մեքենաները վնասելու ռիսկից վարորդներին պաշտպանելու համար:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: