ՆԱՏՕ-ն զգուշացրել է, որ ուկրաինական պատերազմը կարող է վերաճել միջուկային առճակատման Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ, հայտնում է Reuters-ը։
«Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային այս վտանգավոր անպատասխանատու հռետորաբանությունը»,- մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։ «Սակայն թող կասկածներ չլինեն պաշտպանվելու եւ դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի պաշտպանելու մեր պատրաստակամության հարցում»:
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ երբեք չի հաղթի միջուկային պատերազմում»,- ասել է նա Բրյուսելում դաշինքի առաջնորդների գագաթաժողովի նախօրեին: «ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ…նա աջակցում է Ուկրաինային, բայց հակամարտության մաս չէ…ՆԱՏՕ-ն զորքեր չի մտցնի Ուկրաինա… Շատ կարեւոր է Ուկրաինային աջակցությունը, եւ մենք ավելացնում ենք այն: Բայց միեւնույն ժամանակ չափազանց կարեւոր է թույլ չտալ, որ այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լիարժեք պատերազմի»։



