Արևմտյան երկրները կբաժանեն Ուկրաինայի ռազմական կարիքները մի քանի տեսակների և կնշանակեն ՆԱՏՕ-ի պետություններ, որոնք պատասխանատու են այդ ոլորտներից յուրաքանչյուրում մատակարարումների համար: Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Նրա խոսքով, դոնոր խմբի շրջանակներում ստեղծվել են ութ «կարողությունների կոալիցիաներ», որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու Ուկրաինայի ռազմական կարիքների մեկ ասպեկտի ապահովման համար։ Այս ենթախմբերից յուրաքանչյուրի շրջանակներում համակարգումն իրականացվում է ՆԱՏՕ-ի առնվազն երկու երկրների կողմից:
«Այդ կոալիցիաների առաջնորդները պետք է հաստատեն ճանապարհային քարտեզները, որոնք կնշեն Ուկրաինայի կարիքներն ու նպատակները մինչև 2027 թվականը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդուժը, զրահատեխնիկան, հրետանին, ականազերծումը, անօդաչու թռչող սարքերը, ինտեգրված հրթիռային և հակաօդային պաշտպանությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և ծովային անվտանգությունը»,- պարզաբանել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Հունվարի 9-ին Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում կկայանա Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը համակարգող արևմտյան երկրների խմբի 25-րդ հանդիպումը։ Դրան կմասնակցի ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։