
ՆԱՏՕ եվրոպական երկրները խնդրել են ԱՄՆ վարչակազմին զգուշացնել իրենց Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության կտրուկ կրճատման դեպքում, որպեսզի «չապակայունացնեն ՆԱՏՕ պաշտպանությունը», գրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով եվրոպական մայրաքաղաքների անանուն աղբյուրներին։
Նրանց տեղեկացմամբ՝ ԵՄ երկրներն ակնկալում են, որ ԱՄՆ-ը դուրս կբերի ներկայում Եվրոպայում գտնվող 80 հազար զինվորներից առնվազն 10 հազարը, այդ թվում՝ դաշինքի արեւելյան թեւում։
Միեւնույն ժամանակ, գործակալությունը նշել է, որ Եվրոպայում ամերիկյան ուժերի թիվն անընդհատ փոխվում է. մինչեւ 2022թ. այնտեղ կար մոտ 65 հազար ամերիկացի զինվորական, սակայն Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց անմիջապես հետո նրանց թիվը սկզբում հասել է 85 հազարի, իսկ հետո, կարճ ժամանակում՝ 100 հազարի։ Այս կապակցությամբ գործակալությունը հնարավոր է համարել, որ Թրամփը կարող է Եվրոպայից դուրս բերել ավելի քան 20 հազար զինվորական, որոնք Ջո Բայդենի վարչակազմի որոշմամբ տեղափոխվել են այնտեղ ուկրաինական հակամարտության սկսվելուց անմիջապես հետո։
Գործակալությունը նաեւ ներկայացրել է եվրոպացի պաշտոնյաների հավաստիացումները, որ Թրամփի վարչակազմի ստեղծած «քաոսը խախտել է կապի մի շարք ուղիներ» ԱՄՆ վարչակազմի եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ, որոնք սովորաբար օգտագործվում են ռազմական հարցերի քաղաքական համակարգման համար։