ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ միջուկային դոկտր...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային դոկտրինում  նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած փոփոխություններն արևմտյան երկրներին և Ուկրաինային վախեցնելու փորձ են։

«Սա Ուկրաինային վախեցնելու և մեզ վախեցնելու միջոց է, որպեսզի մենք չաջակցենք նրան»,- ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ, փոխանցում է Reuters-ը։

Մինչ այս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ դաշինքի երկրները քննարկում են Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող սպառնալիքների պատճառով միջուկային հրթիռները պատրաստության վիճակի մեջ մտցնելու հարցը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի միջուկային դոկտրինը վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում։

Սեպտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը առաջարկել է միջուկային դոկտրինում կետ ավելացնել, ըստ որի միջուկային տերության աջակցությամբ ոչ միջուկային պետության ագրեսիան կդիտարկվի որպես համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։ Նա նաև առաջարկել է դոկտրինին ավելացնել միջուկային զենքի կիրառման հնարավորությունը՝ Ռուսաստանի թիրախների դեմ թեւավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակման մասին «հուսալի տեղեկատվություն» ստանալու դեպքում։

Կրեմլում նշել են, որ այս փոփոխությունները կարելի է համարել որոշակի ազդանշան արևմտյան երկրներին, որոնք նախազգուշացնում են «հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն մեր երկրի վրա հարձակմանը տարբեր միջոցներով, և ոչ պարտադիր միջուկային»: