ՆԱՏՕ Baltops 2025 զորավարժությունները մեկնարկ...

ՆԱՏՕ Baltops 2025 զորավարժությունները մեկնարկում են Բալթիկ ծովում, երկուշաբթի հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության Ռազմահրատարակչական ինստիտուտը (Wojskowy Instytut Wydawniczy, WIW): «Այս տարվա զորավարժություններին կմասնակցեն մոտ 50 տարբեր տեսակի նավեր։ Հարավային Եվրոպայում տեղակայված ԱՄՆ 6-րդ նավատորմը մի քանի օր առաջ հայտնել է, որ զորավարժություններին կուղարկի USS Mount Whitney հրամանատարական նավը։ Գերմանացիները կունենան ուժեղ ներկայացուցչություն՝ Baltops-ին կմիանա, ի թիվս այլոց, FGS Bayern ֆրեգատը։ «Բրիտանացիները, իրենց հերթին, ուղարկել են P2000 պարեկային նավերի մեծ խումբ»,- նշվել է հաղորդագրությունում։ «Լեհական ստորաբաժանումները նույնպես արդեն ժամանել են Ռոստոկ (քաղաք Գերմանիայի հյուսիս-արեւելքում, որը գտնվում է Վարնով գետի գետաբերանում): Այս անգամ ORP Gen. հրթիռային ֆրեգատը կկատարի առաջադրանքները իր դաշնակիցների հետ միասին: Գդինյայում գտնվող 3-րդ նավատորմից՝ ORP Gen. T. Kosciuszko ֆրեգատը եւ ORP Kaszub կորվետը, ինչպես նաեւ երկու ականազերծող նավ՝ ORP Mamry-ն եւ ORP Naklo-ն՝ 8-րդ Ափամերձ պաշտպանության նավատորմից»,- հաղորդել է ինստիտուտը: Նրա տվյալներով՝ զորավարժությունների մասնակիցները «հաջորդ երկու շաբաթվա ընթացքում կգործեն Բալթիկ ծովի հարավային մասի ընդարձակ տարածքներում՝ Դանիական նեղուցներից եւ Յուտլանդիայի թերակղզուց մինչեւ Գդանսկի ծոց»։ Ռազմածովային վարժանքների հրապարակներում որոշ նավերի անձնակազմերը կանցկացնեն հրետանային կրակոցներ։ Նավերից բացի, Baltops 2025-ին կմասնակցի նաեւ ռազմական ավիացիան։ «Այս տարի կազմակերպիչները մեծ ուշադրություն են դարձրել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին՝ թե՛ օդային, թե՛ ցամաքային»,- նշվել է հայտարարությունում։ Դրանում նշվել է, որ «այս տարի միջոցառումը տեղի կունենա բացառիկ հանգամանքներում»։ «Մի քանի օր առաջ Ռուսաստանի Բալթիկ նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժություններ։ Մինչդեռ Բալթիկ ծովում իրավիճակը որոշ ժամանակ է՝ լարված է։ Վերջին ամիսներին տեղի են ունեցել արեւմտյան երկրների համար կարեւոր ստորջրյա ենթակառուցվածքների վնասման մի քանի միջադեպեր»,- նշվել է հաղորդագրությունում։