Հոկտեմբերի 30-ին Մերիդիան միջազգային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ամերիկյան բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Իր ելույթում դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրեց 1991թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ դեսպանն ընդգծեց ս.թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրի պատմական նշանակությունը։ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին Հայաստանի հանդեպ ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։
Միջոցառմանը ելույթ ունեցավ ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։ Ջ. Ասքոնասը շնորհավորեց ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ համագործակցությունը։
Միջոցառման մշակութային հատվածում հնչեցին հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները։
Դաշնակահար, կոմպոզիտոր, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Վահագն Հայրապետյանը հանդես եկավ ջազային կատարմամբ:



