Մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և իշխանության եկավ նոր քաղաքական ուժ: Politik.am-ը քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ զրուցել է, թե ի՞նչ է կատարվել այս մեկ տարում Հայաստանում, որ ոլորտներում ենք զարգացումներ կամ անկումներ ունեցել:
Բադալյանի խոսքով՝ նախորդ տարվա ապրիլմայիսյան իրադարձությունները կարող ենք բնութագրել որպես հեղափոխություն-իշխանափոխություն.«Հեղափոխություն, որովհետև վերացվեց քրեաօլիգարխիկ համակարգը, ապա սահուն անցում իշխանափոխության, քանի որ նոր քաղաքաղակն ուժը, վերացնելով քրեաօլիգարխիկ համակարգը, չստեղծեց զարգացման նոր համակարգ, պահեցին հին կմախքը: Վատը մաքրելով՝ լավը չբերեցին»:
Քաղաքագետը նշում է դրական ու բացասական երևույթները, որ տեղի ունեցան այս մեկ տարվա ընթացքում.
Դրական՝ քրեաօլիգարխիկ համակարգի վերացումից հետո.
- Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ,
- վերացավ ներկրման մենաշնորհը,
- համակարգային կոռուպցիան վերացավ, թեև կան կոռուպցիոն երևույթներ, բայց համակարգային՝ ամբողջ Հայաստանի տարածքով, չկա,
- հեռուստաընկերությունները ազատություն ստացան
Բացասական՝ քրեալիգարխիկ համակարգը վերացնելուց հետո զարգացման նոր համակարգի հիմքերը չդնելուց բացի.
- Այս քաղաքական թիմը չի տալիս Հայաստանի զարգացման վեկտորը, այսինքն՝ Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի 5-10 տարի անց,
- Քանի որ չկա վեկտորը, չկա նաև Հայաստանի զարգացմանհայեցակարգը. օրինակ՝ չկա Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ռազմավարությունը, վարչապետն օրինակ, նշում է, որ Հայաստանիում պետք է զարգանան տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց երբ նայում ենք, տեսնում ենք, որ չկա կոնկրետ ռազմավարություն, բացակայում է դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգը, ընդամենը խոսում են անցումային արդարադատության մասին, բայց դա դատաիրավական համակարգի բարելավման հայեցակարգ չէ,
- որոշ դեպքերում իշխող քաղաքական ուժի մոտ սկսում են գլուխ բարձրացնել այն արժեքները, որոնք կային հանրապետականի մոտ, մասնավորապես, ԱԺ-ում, իշխող քաղաքական ուժի վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ, շատ դեպքերում ծաղր է, քմծիծաղ, սարկազմիկ քննադատություն: Երբ դու չես տալիս զարգացման հայեցակարգերը, սկսում են գլուխ բարձրացնել ոչ ցանկալի երևույթներ:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե հեղափոխության ժամանակ տված բոլոր խոստումները կամ կատարված են, կամ կատարման փուլում են, քաղաքագետն ասաց, որ մեթոդական խնդիր կա.«Հինգերորդ դասարանի աշակերտներ չեն, որ ասեն՝ տնային աշխատանքի 5 վարժությունից 4-ը կատարել են, ուրեմն ամեն ինչ լավ է: Հեղափոխությունը նրա համար էր, որ Հայաստանի զարգացման վեկտորը տանք, ոչ թե ասենք՝ քանի խոստում ենք տվել, քանիսն ենք կատարել: Հավատացեք՝ եթե Կարեն Կարապետյանն էլ վարչապետ եղած ժամանակ ցանկ կազմեր խոստումների, նա էլ բոլորը կարող է արած լինել»:
Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արմեն Բադալյանը նշում է, որ որ ոչ միայն ինքնիշխանության զարգացում չկա, մի բան էլ անկում է գրանցվում, շարունակվում է նույն գիծը.«Չնայած խոստումներ էին տրվում, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է բարձրացվի, բայց մենք տեսնում ենք, որ այդ ինքնիշխանությունն էլ ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում, քան անգամ Սերժ Սարգսյանի կամ հանրապետականների ժամանակ: Ես չեմ հիշում, որ հանրապետականների ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը զանգեր Պուտինին և տեղեկացներ ղարաբաղյան գործընթացի մասին, ռուսական պաշտոնական կայքում (Կրեմլ) նշված է, որ Հայաստանի վարչապետը զանգում և Պուտինին տեղեկացնում է, մինչդեռ Ադրբեջանի նախագահը զանգել և կիսվել է մոտեցումներով: Տեղեկացնելով՝ ենթակայության դրսևորում ենք ձեռք բերում: Տեսնում ենք վարչապետի այցերը Իրան, Գերմանիա, և տպավորություն է, թե դրանք պարզապես PR-ի համար են, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն այն մակարդակի վրա են, ինչ հանրապետականների ժամանակ, Միացյալ Նահանգներից ընդհանրապես որևէ վերաբերմունք չկա Հայաստանի իշխանությունների նկատմամբ, և չեն էլ նկատում Հայաստանի իշխանություններին»:
Քաղաքագետի կարծիքով՝ իշխող քաղաքական թիմի մոտ կա անցյալ տարի տեղի ունեցած գործողությունների, որոնք իրենք անվանում են հեղափոխություն, խիստ գերագնահատում.«Իրենց մոտ տպավորություն է, թե ամբողջ աշխարհն իրենց պետք է ծափահարի: Իշխող քաղաքական ուժն անընդհատ փորձում է աշխարհին վաճառել այդ հեղափոխությունը, բայց աշխարհն այն գնել չի ցանկանում, որովհետև միջազգային հարաբերություններում ռեալ պոլիտիկն է աշխատում, ոչ թե զգացմունքները»:
#Մեկ_տարվա_ամփոփում Politik.am-ը սկսում է նոր շարք՝ նոր իշխանությունների 1 տարվա աշխատանքների ամփոփում: Վերոնշյալ հեշթեգով կարող եք գտնել թեմային առնչվող բոլոր հրապարակումները:
Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ



