Նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ...

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք հավելյալ 235 միլիոն գումար ենք հավաքագրել՝ ի համեմատություն դրան նախորդող երկու շաբաթների։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության  ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ  որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման և կարգապահության տեսանկյունից, այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում։

Բոլոր այն մարդիկ, որոնք բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ եթե իրենք չէին վճարում նախկինում, իրենք սպասարկում էին այդ օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում»,–ասաց նա։

Ավինյանը տեղեկացրեց, որ մոտակա շաբաթների ընթացքում սպասում են 45 նոր տրոլեյբուսների ժամանմանը և արդեն 170 նոր ավտոբուսների գնման հայտը պետք է պատրաստեն։

Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ աճը երկու շաբաթվա ընթացքում կազմել է 29.9%։