Նախկինները թալանել, վաճառել են բոլոր խողովակն...

Օրերս Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքերում արձանագրվեցին մի քանի տասնյակ խոշոր եղջերավոր անասունների անկումներ: Դրանցից որոշները սատկած վիճակում գտնվում էին Սևանի ափին: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ սատկած անասուններ գյուղացիները միտումնավոր են բերում լճի ափ, որպեսզի պետությունից փոխհատուցում ստանան։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը համաձայն չէ այս տեսակետին: Ասում է՝ «սելը չի ճռռում, սելվո՞րն է ճռռում»: «Դիտավորյալ չէին կարող տանել, նույնիսկ եթե դիտավորյալ արած լինեն, դրդապատճառը որն է եղել՝ թողնեն, Հայաստանից գնա՞ն: Այսինքն՝ ժողովրդին հասցրել են այնտեղ, որ զզվե՞լ է: Բացառում եմ այդ տարբերակը: Թող իրենք իրենց ծրագրերը նայեն, թե ինչքան թերի են աշխատել»:

Ըստ Բերբերյանի՝ Սևանում խնդիրները բազմաթիվ են՝ աղտոտված ջրերը, որ լցվում են Սևան, ծառերի՝ լավ չմաքրված արմատները, հողի չմաքրված շերտը, որի փախարեն պետք է ավազ լիներ, բայց այժմ տիղմի է վերածվել, և ամենակարևորը՝ գետերը, որ Սևան են լցվում, հնարավոր է՝ աղտոտված լինեն թունաքիմիկատներով:

Բերբերյանն ընդգծում է՝ Սևանի հարցում իր մեղավորության մեծ չափաբաժինն ունի նախորդ կառավարությունը.«Նրանք թալանել, վաճառել են բոլոր խողովակները, որոնք նախատեսված էին կեղտաջրերի հեռացման համար, ու գումարները դրել գրպանները: Նոր կառավարությունն ինչու՞ չի հետաքրքրվում՝ այդ կարողություններն ում գրպանը գնացին: Շատ լավ էլ գիտեն՝ ով է տարել: Թող հետաքննեն էլի, ինչու չեն հետաքննում»: