Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողութ...

«Հրապարակ» թերթը գրել է․

Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջին հայացքից: Իհարկե, գործող տնօրենը` Արման Հովակիմյանը, գլուխը կախ դիմում գրեց: Բայց ո՛չ առողջապահության նախարարն է այս նշանակմամբ ոգեւորված, ո՛չ էլ ԲԿ աշխատակազմի մի մասը:

Երեկ առավոտյան տեղեկացանք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց` կոլեկտիվի հետ հանդիպելու: Ավելի ուշ տեղեկացանք, որ հանդիպումն անցել է բուռն, նյարդային մթնոլորտում։ Գրել էինք, որ բուռն կրքեր են բորբոքվել, քանի որ հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի ազատվելուց հետո Ավանեսյանը փորձում է Հովակիմյանի ընկերուհուն՝ բավականին երիտասարդ` 30-ը չբոլորած Երանուհի Սարգսյանին նշանակել ԲԿ աշխատակազմի ղեկավար, մինչդեռ նման հաստիք մինչ օրս չի եղել ԲԿ-ում, եւ նոր հաստիքը բացվել է կոնկրետ անձի «վրայով»: Տնօրենի ԺՊ նշանակված Պետրոս Մանուկյանին էլ պարտադրել է նշանակում անել այդ պաշտոնում, որպեսզի իրենց մարդը «ռուլիտ անի» հիվանդանոցում եւ հատկապես վերահսկի նոր ղեկավարին։

ԲԿ-ից մեզ պատմեցին, որ օրերս Երանուհին մինի ժողով է հրավիրել եւ միամտորեն խոստովանել, որ ոչ թե իրենք պետք է համակերպվեն նոր տնօրենին, այլ առաջիկայում նոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Զեյնալյանը պետք է համակերպվի իրենց։ Ինչ վերաբերում է Զեյնալյանի նշանակմանը, չնայած լուրեր կային, որ ապրիլի 1-ով նրա հրամանը պետք է լինի, սակայն այն, կոլեկտիվի համար անհասկանալի պատճառներով, ուշանում է։ Խոսակցություններ կան, որ նախարարը փորձում է իր վաղեմի ախոյանի ժամանումից առաջ «կարգի բերել» հիվանդանոցը, նաեւ՝ իր կադրերով ամրապնդել, որպեսզի Զեյնալյանը շատ ինքնուրույն չլինի, եւ Հովակիմյանի նշանակած կադրերը շատ չտուժեն այս նշանակումից: Բանն այն է, որ չնայած Հովակիմյանն այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ է այստեղ, սակայն Թորոսյանի հեռանալուց հետո հարմարավետ տեղավորվել է Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո եւ դարձել նրա մտերիմը։ Հովակիմյանի կադրերն էլ իրենց վատ չեն զգացել, վերը նշված Երանուհի Սարգսյանը, օրինակ, զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոն` համակարգել է գնումների ոլորտը, բայց հավակնելով կարիերայի առաջընթացի, ինչի պատճառով էլ ձեռք է բերել ԲԿ-ի բժշկական համայնքի հակակրանքը։

Երեկվա հանդիպմանն էլ համայնքը միահամուռ բունտ է արել եւ դեմ արտահայտվել նախարարի մտադրություններին, կոլեկտիվի շատ անդամներ քննադատական ելույթներ են ունեցել՝ անթույլատրելի համարելով անփորձ աղջկան իրենց վերակացու կարգելու որոշումը: Երանուհին էլ է ներկա եղել հանդիպմանը, լուռ լսել է, նախարարն առճակատման չի գնացել, սակայն պայման է դրել, որ եթե համաձայնեն իր առաջարկին, հինգ րոպեից նոր տնօրենին կնշանակի։ Թե ինչ կապ ունի մեկը մյուսի հետ, կոլեկտիվն այդ տրամաբանությունը չի հասկացել: Միայն հասկացել են, որ, հավանաբար, դա Անահիտ Ավանեսյանի համար սկզբունքի հարց է, որ այսպես ուղիղ ու անթաքույց հրապարակայնացնում է նախարարը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։