Մամուլի երեկվա հրապարակումներից մեկը հաղորդում էր, որ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ջրաօգտագործողների ընկերություններից պահանջել է ապահովել գյուղացիներին մատակարարված ջրի դիմաց 100-տոկոսանոց գանձում: Ովքեր չեն ապահովի այդ ցուցանիշը, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին.
«Երբ ներկաներից մեկն ասել է, թե գյուղացիները վճարունակ չեն և կարող են ըմբոստանալ, նախարարը պատասխանել է, որ գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ»,- ասված է հրապարակման մեջ:
«Նախարարի կողմից նման միտք, թե գյուղացիները չեն կարող ըմբոստանալ իրենց ընտրած կառավարության դեմ, չի հնչել»,- այս մասին Politik.am-ին ասաց Սուրեն Պապիկյանի խոսնակը:
Հրապարակմանը կառավարության երեկվա նիստում պարզաբանում էր տվել նաև նախարարը . «Ջրաօգագործողների ընկերությունների հետ խորհրդակցությունից հետո մեծ շրջանառության մեջ էր այսպիսի ձևակերպում, թե կառավարությանը գումար է պետք և ջրաօգտագործողների ըներությունների առաջ 100 տոկոսանոց արդյունք է դրվել: Այո՛, 100 տոկոսանոց արդյունք պետք է դրվի յուրաքանչյուր համակարգի առաջ, և դրանում որևէ արտառոց բան չկա:
Սա նորմալ է, քանի որ ջրաօգտագործման դիմաց հանրությունը վճարում է, և բնականաբար այդ գումարները պետք է նպատակին ծառայեն»,- ասել էր նախարարը` քաղաքացիներին կոչ անելով պարտաճանաչ վճարել ջրի դիմաց և հետամուտ լինել, որ այդ գումարները հասնեն իրենց նպատակին:



