«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համ...

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ լսումների ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը մի քանի հարց բարձրացրեց:

Քանի որ նախագիծը զեկուցում էր արդարադատության փոխնախարար Արմինե Հարությունյանը, Ղազարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի բացակայությունը:

Ղազարյանը նաև հարցրեց՝ արդյոք այլ կուսակցությունների հետ նախագծի վերաբերյալ որևէ քննարկում եղե՞լ է:

«Ընտրական գործընթացի հիմնական շահառուն ու դերակատարները քաղաքական կուսակցություններն են, որևէ քաղաքական կուսակցության, 2018, 2021 թվականի համապետական կամ ՏԻՄ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժի կամ դաշինքի հետ այս օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը մինչև նիստում հավանության արժանացնելը քննարկե՞լ է, թե՝ ոչ:

Եթե քննարկել է, ապա ամսի քանիսին, որտե՞ղ է եղել այդ քննարկումը, և որ կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներն են դրան մասնակցել»,- հետաքրքվեց նա։

Հաջորդը նա հարցրեց.

«Կարո՞ղ եք ասել, թե Ձեր խմբավորումը հաջորդ ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՝ չէ, որպեսզի մեր քաղաքացիները իմանան՝ այս օրենսդրական նախաձեռնությունը Դուք անում եք ձեր քաղաքական թիմի, նրա նպաստավոր ընտրական դիրք ապահովելո՞ւ համար, թե՞ անում եք՝ հանրային շահերից, բոլոր քաղաքական ուժերի գործունեության հնարավորություն ստեղծելու համար»:

Ի պատասխան՝ փոխնախարար Հարությունյանը նշեց, որ այս նախագիծը և փաթեթը հանրային քննարկման դրվել են շատ վաղուց:

«Այս ֆորմատում լսումներ չեն իրականացվել, բայց իրականացվել են բազմաթիվ այլ խորհրդակցություններ, աշխատանքային համաժողովներ և՛ կուսակցությունների, և՛ դիտորդների, և՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Երկու տարուց ավելի այս փաթեթի քննարկումներն ինձ թույլ են տալիս համոզված ասել, որ երևի թե բոլոր շահագրգիռ կողմերի հետ այս փաթեթը ժամանակի ընթացքում անընդհատ քննարկվել է և շարունակվում է մինչև այս պահը, նույնիսկ սրանից հետո՝ մինչև երկրորդ ընթերցում»,- նշեց նա։

Ապա Հարությունյանը նշեց, որ ինքը քաղաքական թիմի կամ կուսակցության անդամ չէ: «Օրենսդրությունը թույլ է տալիս բոլոր կուսակցություններին և քաղաքական ուժերին մասնակցելու ընտրություններին, կարծում եմ, բոլորն ազատ են իրենց ցանկություններն իրականացնելու»,- ասաց նա:

Նա նաև նշեց որ ինքն է զեկուցում, քանի որ այս պահին արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատրն է, իսկ նախարարը նշանակվել է երեք օր առաջ: