Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սեն...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նախագահը կարևորել է փոխայցելությունները և նշել, որ դրանք նոր լիցք են հաղորդում հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին: Հանրապետության նախագահը նշել է, որ մեծապես գնահատում է բարեկամական խմբի գործունեությունը և այն ավանդը, որը նրանք ունեն մեր պետությունների միջև 30-ամյա հարաբերությունների զարգացման գործում:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ հայ ժողովուրդը մշտապես զգացել է բարեկամ Ֆրանսիայի մեծ ուշադրությունն ու աջակցությունը։ Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պատմական բանաձևի ընդունման համար, ինչը կարևոր նշանակություն ունի Արցախի համար՝ որպես արցախահայության անվտանգության կարևոր երաշխիք։

Երկուստեք կարևորվել է նախորդ տարի Փարիզում ստորագրված 2021-2026թթ. հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործումը, որն ուղղված է հայ-ֆրանսիական համագործակցությունը ընդլայնելուն և տնտեսական զարգացումն օժանդակելուն։

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների խնդրանքով Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Հանրապետության նախագահի լիազորություններն ու գործունեությունը: