Նաիրի Հունանյանը ցանկանում է հանդիպել Նիկոլ Փ...

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ իշխանությունները նպատակ ունեն վերաբացել  «հոկտեմբերի 27»-ի գործը։ Այս կերպ իշխանությունները ցանկանում են նոր շոկային տեսարաններ ապահովել հանրության համար։ Կարևոր չէ ի վերջո գործը կկարողանան հասցնել տրամաբանական ավարտին, թե ոչ, այս պահին հանրությանը զբաղեցնելու «շոու» է անհրաժեշտ։

Մեր հրապարակումից օրեր անց առաջինը խոսեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Երբ հայտնի դարձավ, որ Նաիրի Հունանյանը վաղաժամ ազատ արձակվելու դիմում է ներկայացրել պատկան մարմիններին՝ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց․«Եթե Նաիրի Հունանյանը ասելիք ունի, թող հանդես գա ասելիքով»,-հայտարարել էր Քոչարյանը։

Իշխանական պատգամավորի այս հայտարարությունից օրեր անց հոկտեմբերի 24-ին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարություն տարածեց, որում ներկայացնում էր Նաիրի Հունանյանի հետ ունեցած հանդիպման մանրամասնները: Արման Բաբաջանյանը սակայն ողջ ամբողջ խոսակցությունն էր ներկայացրել հանրությանը:

Ահաբեկիչ Նաիրի Հունանյանը խնդրել է, որպեսզի Արման Բաբաջանյանը կազմակերպի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են մարդիկ, ովքեր հանդիպումից հետո քննարկում են ունեցել Արման Բաբաջանյանի հետ: Նաիրի Հունանյանը հստակ ընդգծել է, որ միայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո կորոշի իր անելիքները:

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել պատգամավոր Արման Բաբաջանյանից: Պատգամավորի հետ կապվել չստացվեց: Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց: