Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց Ադրբեջան...

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց.

«Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները չեն կատարում»:

Զոհրաբյանը նաև մի քանի օրինակ բերեց: Նա հիշեցրեց՝ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարեց, որ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպայի, և դա բերեց իբրև գովելի օրինակ, Ադրբեջանի նախագահն ասաց, որ Ադրբեջանի թշնամին է ողջ հայ ժողովուրդը, իսկ ասամբլեան լռություն պահպանեց, և դա մտահոգիչ է:

ՀՀ պատվիրակության անդամը մեջբերեց ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հայտարարությունը, որ Ալիևը խաղաղություն չի ուզում, ապա նշեց՝ ադրբեջանական դպրոցական դասագրքերում ատելության քարոզ է, և կրկին լռություն է տիրում, երբ հայտարարում են, որ հայատյացություն են տարածում ադրբեջանական ԶԼՄ-ներն ու դասագրքերը, կրկին լռում են: Զոհրաբյանն ընդգծեց՝ եթե նշեն նմանատիպ օրինակներ, հետո ևս մեկ բանաձև ընդունեն, որը խնդրին լուծում չի տալու, ապա անկասկած միայն կավելացնեն մեռելածին բանաձևերը ևս մեկով:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունից Սահիբա Գաֆարովան քիչ անց արձագանքեց Նաիրա Զոհրաբյանի ելույթին, Խոջալուի հարցը բարձրացրեց, հիշեցրեց՝ ՀՀ նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերն էթնիկապես անհամատեղելի են:

Գաֆարովան նաև հայտարարեց, թե Հայաստանի պատվիրակության անդամներից ոմանք ելույթներ են ունենում ԵԽԽՎ-ում՝ դրանով ատելության քարոզ անելով, ապա ընդգծեց՝ ատելության տարածումը ԼՂ հարցի լուծմանը չի նպաստի, հակառակը՝ այն կբարդացնի: