Նա ուզում է կրկնել մարտի 1-ը

Հոխորտալով քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի և կադրային ջարդերի մասին, Փաշինյանը նմանվում է անկյուն քշված կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք սակայն կարող են ճակատագրական լինել երկրի, հանրության և նաև իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնյա կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անգամ ամենաթույլ իշխանությունը, որը տիրապետում է կենտրոնացված ռեսուրսների, կարող է լուրջ վնասներ հասցնել երկրին և ժողովրդին։ Փաշինյանը համառորեն շարունակում է ժողովրդին այդ վնասները հասցնել հենց ժողովրդի անունից՝ նույնիսկ այս իրավիճակում պատասխանատվությունն իր վրայից դնելով իրեն վստահող և հավատացող մարդկանց վրա։

Նորմալ երկրում, աշխատող իրավապահ համակարգ ունեցող երկրում նա արդեն վաղուց մեկուսացված կլիներ, պետական համակարգի աշխատողները վաղուց արդեն տարանջատված կլինեին երկիրը հետևողականորեն փլուզողից։ Նորմալ երկրում նրա կողքին կանգնողները, թիմակիցները ծափերի փոխարեն կամ կբռնեին նրա՝ նոր արյունահեղության տանող խելագար ձեռքը, կամ կհեռանային նրանից, որպեսզի չկիսեն նոր մարտի 1-ի պատասխանատվությունը։ Նորմալ երկրում միջազգային կառույցները, թեկուզ ձևականորեն, բայց արձագանքած կլինեին Փաշինյանի անհավասարակշիռ վարքագծին։

Դա՝ նորմալ երկրում, իսկ մեր նման կազմալուծված երկրում մնում է՝ համախմբվել բոլոր սթափ ուժերով, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, չտրվել Փաշինյանի սադրանքներին, թույլ չտալ, որ նա հերթական անգամ ժողովրդին տանի արյունահեղության։

Հիմա ժամանակն է, որ.

- Պետական համակարգը տարանջատվի նրա արյունոտ ծրագրերից։ Ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ՝ ԱԳՆ օրինակով։

- Ուժային կառույցները, իրավապահները բռնեն նրա ձեռքը, կատարեն իրենց պարտականությունները։ Ուժայինները շատ լավ հասկանում են, որ Նիկոլը հրահրում է բախումներ, ու դեռևս ոչինչ չեն ձեռնարկում նրա դեմը առնելու համար։ Վաղը, երբ այդ բախումներն իրականություն դառնան, նույն ուժայիններն են կրելու ամենամեծ հարվածներն իրենց վրա։

- ԳՇ հայտնի հայտարարության մեջ կար ձևակերպում՝ «...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։»։ Հիմա ժամանակն է, որ հայկական բանակի հրամկազմը կոշտ հայտարարի, որ թույլ չի տա թե´ ուժի կիրառումը, թե´օլիգարխիկ բանդաների վայրագությունները, թե´ քաղաքացիական պատերազմի հրահրումը։

- Բոլոր պատասխանատու մարդիկ, կազմակերպությունները, հեղինակավոր դեմքերն այսօր պարտավոր են խոսել։ Եթե դա չարվեց, ապա իրենց լռությամբ դառնում են հնարավոր արյունահեղության հանցակիցը։