
Հունիսի 18-ին Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորումներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վիրավորը Երասխահուն գյուղի բնակիչ Ջանգիր Ասադյանն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքներն ստացել է Երևանում՝ ծեծի ենթարկվելու և շան կծելու հետևանքով:
Պարզվել է` Երևանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող «Արևելյան Խոհանոց» ռեստորանային համալիրի մոտ Ջ. Ասադյանի հետ վիճաբանել է Երասխահուն գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Ավետիսյանը, ում ուղղորդմամբ այնուհետև վիճաբանությանը մասնակցել են 3 երիտասարդներ:
Նրանցից մեկը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Ջ. Ասադյանի թիկունքին, իսկ մյուսն էլ շանը բաց է թողել վերջինիս վրա: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Ավետիսյանը Երասխահուն համայնքի ղեկավարն է:
Այս կապակցությամբ Politik.am-ը խոսեց համայնքապետ Արմեն Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հերքեց հաղորդված տեղեկությունը` թե ինքը ծեծել է Ասադյանին.
«Բնակիչը` Ջ. Ասադյանը, հաշվառված հոգեկան հիվանդ է: Ես իրեն ո՛չ Երևանում տեսել եմ, ո՛չ ծեծի ենթարկել: Ասօր առավոտ տեղեկանում եմ, որ քաղաքում ես իրեն ծեծել եմ, շուն եմ վրա տվել...»,- ասաց համայնքապետը:
Նա նաև նշեց, որ ոստիկանություը իհակե պարզաբանում է պահանջել, սակայն բնակչի հոգեկան խնդիրներ ունենալու մասին հայտնի է և՛ ոստիկանությանը, և՛ համայնքին: