
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի, վիրավորների թիվը կազմել է 5012, իսկ 210 մարդ դեռ անհետ կորած է։ Այս մասին հայտնել է China News-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլետչերը նշել է, որ մարդիկ սննդի կարիք ունեն: Նրանց ջուր է անհրաժեշտ, էլեկտրականություն և ապաստան:
Նրա խոսքով՝ հետցնցումները շարունակվում են․ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հանգստյան օրերին:
Երկրաշարժը համարվել է ամենախոշորն այս տարվա ընթացքում և ամենաուժգինը մայրցամաքում վերջին տասնամյակի ընթացքում:
Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել է 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։