«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»...

Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը:

«Այն համահունչ է ՀՀ մշակույթի պաշտպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրին»,- ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նշել է Դանիել Դանիելյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ օրենքի նախագծով արժևորվում են մշակույթի տնտեսականացումը, միջազգայնացումը, ապակենտրոնացումն ու հանրահռչակումը, ինչպես նաև իմաստավորվում են ՀՀ պետական մշակութային կազմակերպություններում գործող կառավարման մոդելների կատարելագործումը և ֆինանսական նոր մոդելների ներդրումը: Նրա ընդգծմամբ՝ նախագծով կարևորվում են նաև ստեղծարար ներուժի վերարտադրումն ու ոլորտի զարգացումը, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և հավասար մրցակցային դաշտի ապահովումը:

«Խրախուսվում է պետություն-մասնավոր հատվածի համագործակցությունը: Այսպիսով՝ նախագծով հստակեցվում են պետական մշակութային քաղաքականության կազմակերպումն ու գերակա սկզբունքները, լիազոր մարմնի և ստեղծագործ ոլորտի հարաբերությունները, Մշակույթի զարգացման նորաստեղծ հիմնադրամի նպատակներն ու գործունեությունը, պետական կառույցներում մշակութային գործունեությամբ զբաղվող անձանց գործառույթներն ու ատեստավորման հիմքերը: Նոր՝ առավել արդիական բովանդակությամբ, խմբագրված են «մշակույթ» հասկացությունը,  «Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն» և «Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն» եզրույթները»,- ասել է Դանիել Դանիելյանը 

Փոխնախարարը հայտնել է, որ առաջին անգամ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում տեղ են գտել «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» սահմանումը, մշակութային գործունեությամբ զբաղվող անձի կարգավիճակը, «ստեղծարար արդյունաբերություն» եզրույթը, դրամական խրախուսման տրամադրումը միջազգային հեղինակավոր մրցույթներում հանդես եկած ՀՀ մշակութային գործիչներին, ինչպես նաև համապետական, տարածքային և տեղային կարգավիճակ շնորհելու ընթացակարգը մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին:

«Օրենքի նախագծի հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից իր վեր առաջին անգամ կունենա այսքան բովանդակալից, հագեցած ու դինամիկ, մեր երկրի մշակութային կյանքը զարգացնող մշակույթի օրենք»,- ելույթը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Գալստյանը:

Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: