ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լայնամասշտաբ պատժամիջոցներ է նախապատրաստում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ։ Այս մասին The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են իրազեկ աղբյուրները։ Ըստ նրանց՝ նախատեսվում է արգելել ՄՔԴ-ի հետ ֆինանսական գործարքների մեծ մասը, ինչպես նաև ամերիկյան դոլարով կատարվող փոխանցումները։ WSJ-ն ընդգծում է, որ սրա հետևանքով դատարանը կկտրվի համաշխարհային ֆինանսական համակարգի մեծ մասից, իսկ նրա աշխատանքը կկասեցվի։ Պարբերականի հետ զրուցած ամերիկացի պաշտոնյաները պարզաբանել են, որ սահմանափակումները կարող են վերջնականապես համաձայնեցվել այս շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։
Հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ազդարարեց Հաագայի դատարանի դեմ լայնամասշտաբ արշավի մասին՝ սպառնալով անհրաժեշտության դեպքում «քար առ քար քանդել այն»։ Ռուբիոն նշում էր, որ ՄՔԴ անդամ չհանդիսացող երկրների պաշտոնատար անձանց հետապնդելու դատարանի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում և սպառնում ԱՄՆ ինքնիշխանությանը։ Վաշինգտոնի և դատարանի հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն հետաքննություն սկսեց ամերիկացի զինծառայողների նկատմամբ և հրաժարվեց կարճել այդ գործերը։ Բացի այդ, դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերներ է արձակել։ Նրանք մեղադրվում են «ՀԱՄԱՍ»-ի դեմ պատերազմի ընթացքում մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Դրանից էլ ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաներին ապօրինի կերպով Ռուսաստան տեղահանելու համար։



