Մոսկվայում դեռևս կասկածներ ունեն TRIPP նախագծի տեխնիկական մանրամասների վերաբերյալ, և չգիտենք՝ արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ են պատշաճ ուշադրություն դարձնել դրան, թե ոչ, բայց, անշուշտ, Ռուսաստանը կցանկանար մասնակցել նախագծին։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայ-ռուսական հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է ներկայություն ունենալ Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառուցվածքներում, այդ թվում՝ երկաթուղային համակարգում՝ ընդգծելով, որ ինքը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախաձեռնողներից է։
Կորտունովը հավելել է, որ այդ միջանցքի արևմտյան երթուղին անցնում է հենց Հարավային Կովկասով, ուստի Ռուսաստանի համար սա սոսկ տարածաշրջանային ներկայության պահպանման հարց չէ, այլև ավելի լայն տարանցիկ շահերի խնդիր, որոնք երկիրը կապում են Հարավային Ասիայի հետ։
Քաղաքագետն ընդգծել է, որ Մոսկվայում տիրող կարծիքի համաձայն՝ հայ բնակչության բավական մեծ հատվածը տատանվում է երկրի առաջնահերթությունների փոփոխության հարցում, և ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեն ցույց կտա, որ հայ հասարակությունը միասնական չէ Եվրամիությանն անդամակցելու իր ձգտման մեջ։
Ըստ նրա գնահատականի՝ դեպի ԵՄ Հայաստանի շարժվելու դեպքում ամենից շատ կտուժի փոքր բիզնեսը։ «Հնարավոր է՝ Հայաստանը ստիպված լինի, ասենք, ծաղիկների կամ հանքային ջրի համար այլ գնորդներ փնտրել, ինչը կարող է ցավոտ լինել», — պարզաբանել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասը, որը երկար ժամանակ փակ էր, այժմ իսկապես բաց է դառնում արտաքին խաղացողների համար։ «Երկար ժամանակ Ռուսաստանն ամենակարևոր և, անկասկած, ամենաազդեցիկ արտաքին խաղացողն էր։ Այժմ այդ դիրքը կարող է վիճարկվել, և, կարծում եմ, Մոսկվայում հասկանում են, որ տարածաշրջանը բաց է լինելու ամենատարբեր ազդեցությունների համար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հիմնականում հենց տարածաշրջանի երկրների ուժերով։ Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանում միշտ շեշտը դրել են այսպես կոչված «3+3» ձևաչափի վրա։ Ընդ որում, այդ ձևաչափը գործնականում շատ բարդ է իրագործել, և առայժմ այդ փորձերի արդյունքները, իմ կարծիքով, բավականին համեստ են։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ռուսաստանը կշարունակի պնդել տարածաշրջանային այս առաջնահերթությունները և հենց տարածաշրջանի պետությունների դերի կարևորությունը՝ ի հակակշիռ դրանից դուրս գտնվող արտաքին խաղացողների», — նշել է փորձագետը։
Նա ընդունել է, որ «հատուկ ռազմական գործողությունը» ստվեր է գցում հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի վրա։ Այնտեղ ազդեցության և ներգրավվածության նախկին մակարդակը պահպանելն ավելի է դժվարանում։ Անդրեյ Կորտունովը հավելել է, որ որոշակի իմաստով շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը և ինչ տեղի կունենա դրա կարգավորումից հետո։



