Ռուսական կողմը «3+3» հարթակի ձևաչափը դիտարկում է որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային խմբերի ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտի, լոգիստիկայի, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խթանելու հնարավորություն։ Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հաստատել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս շաբաթ կմասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը, որում, Ռուսաստանի Դաշնությունից բացի, ինչպես նշել է խոսնակը, ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան։
«Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու համար «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ այս հանդիպման շրջանակում Սերգեյ Լավրովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։