Թեև Մոլդովայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության դինամիկան դրական է, այն դեռևս բախվում է օբյեկտիվ մարտահրավերների, հայտարարել է Մոլդովայի ենթակառուցվածքների նախարար և փոխվարչապետ Վլադիմիր Բոլեան՝ Report-ի փոխանցմամբ։
«Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում պատերազմը և ավանդական լոգիստիկ երթուղիների խափանումը զգալիորեն ազդել են երկու երկրների միջև տնտեսական կապերի վրա, միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը տեղի է ունեցել Բաքվում ապրիլին, որտեղ կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու իրենց ցանկությունը», - նշել է նա։
Փոխվարչապետը ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից կիրառվող հետևողական սահմանափակումները նույնպես բարդացնում են իրավիճակը:
«Ե՛վ օդային, և՛ ավտոմոբիլային երթուղին շատ թանկ է: ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառել մոլդովական ընկերությունների նկատմամբ ոչ միայն ներմուծման, այլև դեպի ԱՊՀ երկրներ տարանցման վերաբերյալ: Հետևաբար, դա գնալով դժվարանում է», - նշել է նա:
Նա նշել է, որ Ադրբեջանի, այդ թվում՝ ապագա «Զանգեզուրի», ինչպես նաև Ռումինիայի և Թուրքիայի միջով անցնող առկա երթուղիների իրագործելիության հարցը մնում է բաց, տարբերակների մեծ մասը չափազանց թանկ է, ասաց Բոլեան։



